ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի պապին 2015-ին հրավիրել է Հայաստան

Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի պապին 2015-ին հրավիրել է Հայաստան
09.05.2014 | 13:55

Եղբայրական այցով Վատիկան մեկնած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վատիկանի Առաքելական պալատում հանդիպել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:
Մինչ երկու Եկեղեցիների պատվիրակությունների ներկայությամբ հովվապետերի հանդիպումը Առաքելական պալատի գրադարանում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առանձնազրույց են ունեցել։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջույնի խոսքով դիմել է Ֆրանցիսկոս Պապին:
«Գոհություն ենք մատուցում Երկնավորին, որ Իր ողորմած կամքով և Ձերդ Սրբության սիրալիր հյուրընկալությամբ վերստին առիթն ունենք քրիստոնեական սիրո ողջագուրումով նորոգելու աստվածախնամ սերը մեր Եկեղեցիների ու մեր եղբայրության և ժամանակների հրամայականների առջև`զորացնելու գործակցությունը մեր Եկեղեցիների։
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, մեր հանդիպումն այսօր խորհրդանշական է, քանզի մայիսի 8-ին և մայիսի 9-ին շատ ազգեր ու պետություններ տոնախմբում են համաշխարհային չարիքի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմների ավերներն ու բռնությունները տեսած մարդկությունը դեռ չի կարողացել ձերբազատվել պատերազմների, հումանիտար ու բնապահպանական աղետների, քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի արհավիրքներից: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում բռնկված են հակամարտություններ, որոնք վիշտ ու տառապանքներ են բերում մարդկանց, սփռում ավեր, կորուստ, հավելում կարիք և աղքատություն: Մեր հանապազ աղոթքներում են հակամարտության մեջ հայտնված երկրների ժողովուրդները, ի մասնավորի` Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Սիրիայի, որ քրիստոնեության օրրաներից է և դարեր ի վեր եղել է բնակավայր իսլամ և քրիստոնյա ժողովուրդների խաղաղ գոյակցության: Սիրիայում տեղ գտնող արհավիրքներին վերջերս հավելվեց նաև Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների կողմից ավիրումն ու հայաթափումը գերազանցապես հայորդիներով բնակեցված Քեսաբի: Մենք խստորեն դատապարտում ենք աշխարհի խաղաղությունը խաթարող հակամարտությունները, ահաբեկչությունները, որոնք ամբողջականորեն հակառակ են Աստծո կամքին, ինչպես առաքյալն է ասում` «Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ` խաղաղութեան» (Ա. Կորնթ. 14. 33):
Սիրիայում, Դեր Զորի անապատներում հանգչում են հազարավոր հայորդիներ, որոնք զոհ գնացին 20-րդ դարում մարդկության դեմ գործված առաջին ոճրագործության՝ Հայոց Ցեղասպանության: Սիրիան ապաստան տվեց արհավիրքներից մազապուրծ հայ ժողովրդի զավակներին: Ճշմարիտ է ասված, թե ով դասեր չի առնում պատմությունից՝ ստիպված է այն վերապրել: Ցավոք, ժամանակին չդատապարտելով Հայոց Ցեղասպանությունը, աշխարհն ականատես եղավ մեկ այլ ոճրագործության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործվեց հրեա ժողովրդի նկատմամբ: Տակավին թարմ են հիշողությունները նաև Ռուանդայում և Դարֆուրում տեղի ունեցած Ցեղասպանությունների:
Մենք քաջատեղյակ ենք, որ Ձերդ Սրբությունն ինչպես Արգենտինայում իր պաշտոնավարության տարիներին, այնպես էլ որպես Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ՝ իր հստակ դիրքորոշումն է ներկայացրել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Հաջորդ տարի հայ ժողովուրդն ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի հիշատակելու է Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Ի Քրիստոս սիրեցյալ եղբայր, հրավիրում ենք Ձերդ Սրբությանը 2015 թվականին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Անհուն մխիթարության զգացումով տեղեկացնում ենք նաև, որ մեր Սուրբ Եկեղեցին ձեռնարկել է Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման գործընթացը, և Աստծո ողորմած կամքով 2015 թվականին պիտի կատարվի սրբադասումը»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությանը: Նա անդրադարձել է Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների փոխհարաբերություններին` գոհունակությամբ նշելով, որ վերջին տասնամյակներին դրանք ավելի են սերտացել և ջերմացել: Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` երկու եկեղեցիների միջև երկխոսության զարգացմանը կարևոր զորակցության համար: Խոսելով մեր օրերին նահատակության մասին Ֆրանցիսկոս Պապն ասել է.- «Իրականում ողբերգական դիպվածներով Քրիստոսի համար իրենց արյունը հեղած նահատակների թիվը անցյալ դարում շատ ավելի է, քան առաջին դարերում: Եվ այս մարտիրոսության մեջ հայ ժողովրդի զավակներն ունեն իրենց պատվավոր տեղը: Նահատակների վկայությունը` ողբերգական և բարձր, չպետք է մոռացության տրվի: Ինչպես առաջին դարերում մարտիրոսների արյունը դարձավ սերմը Եկեղեցու, այնպես էլ մեր օրերում շատ քրիստոնյաների արյունը` Եկեղեցու միասնության սերմն է հանդիսանում: Տառապանքի էկումենիզմը, նահատակության էկումենիզմը, արյան էկումենիզմը հզոր կանչ է քայլել Եկեղեցիների միջև համերաշխության երկար ճանապարհով»:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ